«Երանի՜ մեզ, որ տեսանք Շիրազին: Երանի՜ մեզնից հետո եկող սերունդներին, որ կտեսնեն նրան, կլսեն ձայնը ու կկարդան Շիրազին»:
Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ
Նրան հիմա կանվանեն մանկագիր, թե թարգմանիչ, լավագույն լրագրող, թե սցենարիստ, ես կառանձնացնեմ լրագրողը՝ Ռադիոհեռուստապետկոմում երկարամյա աշխատանքը նկատի ունենալով, նաև այն ջանքերը, որ ուղղված էին մեր անվանի գրողների, արվեստագետների կյանքն ու ժառանգությունը, նրանց անունը սերունդների համար մշտարթուն պահելուն:
Ահա ինչու Երվանդի գրական գործունեության մեկնաբանումը թողնում եմ նրա գրչակից ընկերներին ու գրականագետներին և, շնորհավորանք որպես, պատմում, թե նա ինչ ջանադրությամբ էկրան հանեց Հովհաննես Շիրազի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմը:
Տարիներ շարունակ Երվանդը Շիրազին (ով, ի դեպ, այնքան էլ չէր սիրում նկարահանվել) համոզում էր նկարահանվել, հանդիպում կազմակերպել իր ծննդավայր Լենինականում՝ այնտեղ նկարելու ֆիլմի ավարտուն կադրերը: Նախապես արդեն զրույց-նկարահանումներ էր կատարել Համո Սահյանի, Տիգրան Մանսուրյանի, Սերո Խանզադյանի, գրականության ու մշակույթի այլ գործիչների հետ, ովքեր գնահատանքի խոսքեր էին ասել Շիրազի մասին: Շիրազին, իր որդու` Արայի հետ, ուղեկցել էին Հաղպատի համալիր, շատ կադրեր այնտեղ նկարահանել: Նախապես պատրաստվել էին նաև տեսահոլովակներ, ուր հեղինակի ընթերցմամբ բանաստեղծություններն էին հնչում՝ համապատասխան տեսակադրերի համադրմամբ:
Ի վերջո Երվանդը կարողացավ համոզել Շիրազին, և Լենինականի տեքստիլագործների պալատում կայացավ այդ հանդիպումը: Շքեղ էր Շիրազի մուտքը Լենինական՝ ուստա Գրիշի ֆայտոնում Շիրազն էր բազմած, մայթերը մարդաշատ էին, պոետին ողջունող մարդկանցով լեցուն: Մի առանձնակի շուքով էր կազմակերպված Շիրազի մուտքը մարդկանցով լեփ-լեցուն դահլիճ: Շիրազը դահլիճ մտավ հետնամուտքից և հոտնկայս ծափահարող մարդկանց շարքի միջով իջավ դեպի բեմ: Տեսնե՜լ էր պետք այդ տեսարանը՝ աղջիկները ծաղկեփնջերով էին դիմավորում պոետին, և վերջինս, վերցնելով ծաղիկները, հոտոտում էր ու վերադարձնելով` դնում նվիրողի ուսերին: Այդպես` 17 աստիճան մինչև բեմը:
Երվանդը նկարահանող շարժակայանի հետ Լենինական էր հրավիրել Վոլոդյա Աբաջյանին, Վերա Հակոբյանին, Սվետլանա Խանումյանին, Սերգուշ Բաբայանին, Սիլվա Յուզբաշյանին, և վերջիններս իրենց ասմունքով զարդարեցին Շիրազի հետ լենինականցիների հանդիպման հանդիսությունը: Հընթացս ասմունքների, դահլիճից բազում հարցեր տրվեցին պոետին, որոնց ամենայն սիրով ու մանրամասնորեն պատասխանեց:
Ահա այս ֆիլմն էր ռեժիսոր Ալֆրեդի հետ պատրաստել Երվանդը, որը հեռուստատեսությամբ եթեր չէր տրվում ամբողջ երեք տարի: Այդ տարիներին Երվանդը խուսափում էր Շիրազի աչքին երևալուց. նա չուներ պոետի տրամաբանական հարցի՝ «Երվանդ, ինչո՞ւ եթերում չկա ֆիլմը» հարցի պատասխանը: Այդ հարցի պատասխանն ուներ Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը, բայց նա էլ չէր կարող բարձրաձայնել կենտկոմի պրոպագանդայի բաժնի քծնողների անհարկի դրած կապանքների մասին: Մինչև որ... եղավ ցավալին, ու նոր միայն զգացին այդ ժամանակներում Շիրազի մասին միակ ֆիլմի կարիքը:
1984-ի մարտյան այն տագնապոտ օրը, երբ արդեն անհուսալիորեն համոզվել էինք, որ Շիրազը հիվանդանոցից իր քայլերով այլևս դուրս չի գա, ռադիոյի երիտասարդական բաժին մտավ Ռադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը։ Նա եկավ այն պահին, երբ, տարօրինակ զուգադիպությամբ, մենք զրուցում էինք տարիներ առաջ Շիրազին նվիրված Երվանդ Պետրոսյանի ֆիլմի մասին։ Այդ օրերին գոնե մեր խմբագրության աշխատողների զրույցի հիմնական թեման Հովհաննես Շիրազն էր, նրա հիվանդության հետ կապված եղելությունը: Բոլորիս էր մտահոգում Շիրազի վիճակը:
Այդպես, ուրեմն, Ստեփան Պողոսյանը մտավ մեր սենյակ և, դիմելով Երվանդին, ասաց. «Այն ֆիլմն ի՞նչ վիճակում է, կարո՞ղ ենք եթեր տալ»։
Զարմանալի բան կատարվեց. հուզմունքը Երվանդի տեսքով մարմին առավ և տարածվեց ամբողջ սենյակում. մենք բոլորս էլ Երվանդի չարչարանքների վկան էինք: Երվանդը նստեց, չէ՜, պարզապես փլվեց աթոռին (նախագահի մտնելու պահին մենք ոտքի էինք կանգնել) և… լաց եղավ:
Ստեփան Պողոսյանը հասկացող, արվեստ գնահատող ու հայրենասեր մարդ էր, բայց ի՞նչ կարող էր անել, երբ ինքն էլ ինչ¬որ չափով այն ամենի գերին էր, ինչի դեմ անհույս ընդվզում էր Երվանդը, և մենք բոլորս։ Պողոսյանն անխոս շրջվեց դեպի ելքը, հետո դռների արանքում մի պահ կանգնելով, հանդարտ ասաց. «Իզուր տեղն իրար հարցեր չտանք, Երվանդ, այդ ֆիլմը երեկոյան եթեր պիտի տրվի»։
Ասաց ու դուրս եկավ։
Շիրազի վախճանի և հուղարկավորության օրերին հեռուստատեսությունն ունեցավ մեծ պոետին արժանի հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Ավաղ, դրանք եթեր էին տրվում արդեն ոչ նրա կենդանության օրոք։
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ
Հ. Գ.- Ի դեպ, այդ ֆիլմը լոսանջելեսաբնակ ոմանց համար դարձել է բիզնեսի աղբյուր. Հովհաննես Շիրազի կենդանի կադրերով, պոետի համով-հոտով զրույցներով լեցուն այդ ֆիլմի հիմնական կադրերն օգտագործելով՝ այնտեղ նոր ֆիլմեր են երկնում ու վաճառքի հանում՝ «միամտաբար մոռանալով» հղում կատարել հեղինակներին: Հիմա սա գրագողությո՞ւն կոչեմ, թե՞ արհամարհանք, ժուլիկությո՞ւն, թե՞... Ինչ էլ կոչեմ, փաստն ինքը, մեղմ ասած, դատապարտելի է հեղինակային իրավունքի բոլոր օրենքներով: Բարոյականության չափանիշների խախտումն էլ՝ վրադիր:
Շնորհավոր ծննդյանդ 75-ամյակը, ազնիվ ապրումների տեր պարզ ու շիտակ մարդ` Երվանդ Պետրոսյան: